Արմինֆո. Եվրոպական միությունը ողջունում է հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը ։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարությունում, որի խոսքը մեջբերում է Եվրամիության մամուլի ծառայությունը։
"ԵՄ-ն ողջունում է 1991թ. Ալմա - Աթայի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների շուրջ համաձայնության։ ԵՄ-ը կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի կարգավորման համար եւ շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեւական եւ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին", - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2024 թվականի մայիսի 15 - ին տեղի է ունեցել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը ՝ երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ ։ Հանդիպման ընթացքում համաձայնեցվել են հայ-ադրբեջանական սահմանի չորս հատվածների տեղամասերը։