Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ ամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները:
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրին և կարևորել Երևանի պետական համալսարանի ու ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի միջև օրերս ստորագրած համագործակցության հուշագիրը, որը համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է ընձեռում:
Թամար Չոլարիան տեղեկացրել է՝ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է հրատարակել «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» դասագիրքը: Այն հիմնված կլինի հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության վրա: Կողմերը կարևորել են նաև դասագրքի՝ ուսումնական ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների ընթացքում հայ ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալու նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին:
Նշվել է՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Նախ կտպագրվի անգլերեն տարբերակը՝ շուրջ 10 հազար օրինակով և կվաճառվի ամբողջ աշխարհում, այնուհետև կթարգմանվի հայերեն:
Համագործակցության արդյունքում Երևանի պետական համալսարանի ուսանողները կստանան նաև Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողովի (WMS) մասնակցության հնարավորություն:
Առցանց գագաթնաժողովն անցկացվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և հեռարձակվում է աշխարհի 105 երկրներում՝ միավորելով ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական, հասարակական և պետական կառավարման ոլորտներից: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում 48-ժամյա ռեժիմով լսելու աշխարհի առաջատար մասնագետների զեկուցումներն այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ մարքեթինգի դերը թվայնացման դարաշրջանում, հաճախորդակենտրոն մարքեթինգային ռազմավարությունները, մարքեթինգը խթանող գործիքների արդյունավետության գնահատումը, «Open AI», «Chat GPT»-ի առնչությունները մարքեթինգի հետ և բնագավառի մի շարք այլ առանցքային թեմաներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանում ընթացող կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում Հայաստանի 16 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը: Ընդ որում՝ Հայաստանն առաջին երկրներից է, որ այս ծրագիրը ներդրել է դպրոցներում՝ կարևորելով դպրոցական տարիքից սովորողների՝ արհեստական բանականությանն առնչվելն ու ճիշտ պատկերացումներ ձևավորելը: Արթուր Մարտիրոսյանը նաև ընդգծել է՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Kotler Impact - ը ժամանակակից մարքեթինգի հոր՝ ռազմավարական մարքեթինգի համաշխարհային առաջատար փորձագետ, World Marketing Summit խմբի հիմնադիր և նախագահ, ինչպես նաև այլ ձեռնարկատիրական նախաձեռնությունների հեղինակ դոկտոր Ֆիլիպ Կոտլերի հոգեզավակն է: Kotler Impact-ը իրենից ներկայացնում է ռազմավարական շուկայավարման համայնք, որը ձգտում է ապահովել կայուն գլոբալ շրջակա միջավայր և տնտեսական զարգացում կրթության, վերապատրաստման և համապարփակ միջոցառումների միջոցով, ինչպես ոչ ոք: