

Բաքվում առաջին Եվրոպական խաղերի ավարտից հետո լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, հնարավոր է, մեծանա: Այդ մասին հունիսի 19-ին Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ՙRose-Roth՚ 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նա գտնում է, որ ռազմական գործողությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղում տեղի չի ունենա, քանի որ դա ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության ոչ մի կողմի: ՙՉնայած այն բանին, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեին`այդ երկրին նույնպես պատերազմը ձեռնտու չէ, քանի որ այն կկորցնի իր դերը միջազգային ասապարեզում, բացի այդ, լուրջ կորուստներ կկրի տնտեսական առումով, քանի որ դժվար է ներդրումներ ներգրավել պատերազմող երկրում՚,- նշել է դիվանագետը:
Ֆորը նաև նշել է, որ արդեն անհնար է Արցախի`Ադրբեջանի մաս կազմելը, քանի որ երկրի բնակչությունը հայկական է, և այն չի ցանկանում փոխել իր կարգավիճակը: Ըստ որում, նա ավելացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները իրենց հասարակություների ՙպատանդներ՚ են և չեն ցանկանում դիմել քայլերի, որոնք քննադատության կարժանանան: ՙՆրանք նախընտրում են հակամարտության քայլ առ քայլ կարգավորում՚,- նշել է նախկին համանախագահը:
Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու Ադրբեջանի ձգտմանը`ընդգծելով, որ դա կհանգեցնի բանակցային գործընթացի արգելակմանը: Դիվանագետն ավելացրել է, որ կողմերի միջև վստահության մակարդակը ցածր է, ինչը պայմանավորված է հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներով, մարդկային կորուստներով: Ըստ որում Ֆորը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտող Ադրբեջանի նկատմամբ ճնշման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտ մեխանիզմների առկայության վերաբերյալ հայ պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, հայտարարել է, որ Բաքվի վրա ազդելու համար շատ քիչ լծակներ կան: ՙԱդրբեջանի վրա ազդելու համար չկան ֆինանսական լծակներ, չկան նաև լծակներ այդ երկրին միջազգային կազմակերպություններին անդամակցությունից զրկելու համար: Այդ պատճառով անհրաժեշտ է օգտագործել համոզման մեթոդը՚,- ասել է նա:



