Արմինֆո.Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից։ Նման կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Սա նկատելիորեն նվազեցնում է պայքարի արդյունավետությունը, որովհետև իշխանության վրա, դիցուք, երևացող ու չերևացող արտաքին ճնշումներ չկան, և ստիպում պայքարի առաջնորդությանը փնտրել այս հանգամանքը կոմպենսացնելու հավելյալ գործիքակազմեր։
Որպես այդպիսին կարող է լինել պայքարին գերկազմակերպված կառուցակարգային բնույթ հաղորդելը, այսինքն արտաքին աջակցության բացը ներքին համախմբման և ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման միջոցով լրացնելը։
Սա, անշուշտ, պահանջելու է զգալի լրացուցիչ ջանքեր և աշխատանք, սակայն հաջողության պարագայում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությանը դարձնելու է իրապես անկախ և ամբողջովին հայաստանակենտրոն, ինչը միանշանակորեն ամրապնդելու է մեր պետության դիրքերը միջազգային ասպարեզում», - գրել է իրանագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։