Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում:
Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023թ. մարտին։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։
Լրագրողների հարցին՝ թե որտեղից 67-ամյա թոշակառուին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, թե՝ ինչ միջոցներով է գոյացել այդ գումարը, Գնել Սանոսյանը պատասխանել է. «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։
«Աշխարհագրագետի մասնագիտությամբ Գնել Սանոսյանը պետական պաշտոններ սկսել է զբաղեցնել 2018 թ.-ից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Նույն թվականի ապրիլյան հայտնի իրադարձություններից (բողոքի ակցիաներից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետ պաշտոնից) հետո Գնել Սանոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ և պաշտոնավարեց մինչև նույն տարվա հոկտեմբեր ամիսը։ Հոկտեմբերին վարչապետի որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ և պաշտոնավարեց մինչև 2021 թ.-ը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար և պաշտոնավարում է մինչ օրս։ 2021 թ.-ին Գնել Սանոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել պատգամավորի թեկնածուի եկամուտների և գույքի հայտարարագիրը (ՔՊ համամասնական ցուցակով)։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող 1 առանձնատուն և 3 հողամաս, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 2800 քմ։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել էր 2002 թ.-ի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այդ ժամանակ նա ունեցել է ընդամենը 2.5 միլիոն դրամ և 70 հազար ռուբլի (մոտ 350 հազար դրամ)», - նշում է պարբերականը։ Գնել Սանոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դեռ չի ներկայացրել 2023 թ.-ի իր և համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը, ուստի նրա ունեցվածքի մասին պատկերացում կազմելու համար պարբերականը ներկայացրել է 2022 թ. հայտարարագիրը (https://registry.cpcarmenia.am/declaration/?id=1_107921)։ Հետաքննության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ պարբերականի կայքում: