


Ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը:
Ըստ որում, նա հայտնել է, որ Նովիկովի գործը վերադարձվել է Քննչական կոմիտեին: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով, հունիսի 16-ին Շիրակի մարզի դատախազությունը մարզային քննչական վարչությունից ստացել է գործի նյութերը և դեպի վայրի զննությամբ առգրավված իրեղեն ապացույցները, որոնք ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությամբ հետագայում ուղարկվելու են ՌԴ քննչական կոմիտեի 519-րդ զինվորական քննչական բաժին:
Նա նշել է, որ 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու նպատակով նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախաքննության առնչությամբ Շիրակի մարզային կառույցի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, և որոշակի դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա, ինչի առնչությամբ որոշվել է գործը վերադարձնել Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հայաստանի և Ռուսաստանի միջև 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի համաձայն, այդ գործով իրավասու մարմին է հանդիսանում նաև ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել էր ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին՝ կտրող-ծակող առարկայով
պատճառված վնասվածքի հետքերով։ Նովիկովի սպանության մեջ մեղադրվում է նրա ծառայակից 21-ամյա Իվան Բոսխոմջիև, ով արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել: Նա հայտնել է, որ միջադեպի պատճառը կենցաղային կոնֆլիկտն է եղել:



