Արմինֆո.Կօգտագործվի վարչապետին անվստահություն հայտնելու ողջ գործիքակազմը՝ իմփիչմենթ, ժողովրդական ճնշում և այլն։ Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերն իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը և պատրաստ են կիրառել իրենց ողջ գործիքակազմը և հնարավորությունները դրված նպատակին հասնելու համար: Դանիելյանը հիշեցրել է, որ նախօրեին հանդիպումներ են ունեցել "ժողովրդավարական այլընտրանք", "Ապրելու երկիր", "Լուսավոր Հայաստան" կուսակցությունների, "Հայաքվե" նախաձեռնության, Հայաստանի եզդիների միության ներկայացուցիչների հետ:
Հարցին՝ թե ում է տեսնում որպես ՀՀ վարչապետի թեկնածու, պատգամավորը նշել է Բագրատ Սրբազանին: "Նա սկսեց և գլխավորեց այս պայքարը։ Ինձ համար նա ամենաընդունելի թեկնածուն է այս պայմաններում ՝ այս անցումային շրջանում", - ասել է Դանիելյանը։
Դիտարկմանը՝ թե կան սահմանադրական արգելքներ, պատգամավորն ընդգծել է, որ դա պետք է մեկնաբանեն իրավաբանները, սակայն չի բացառել, որ ՀՀ սահմանադրությունում որոշակի փոփոխություններ կլինեն: "Անձամբ՝ ես, կարծում եմ, որ այս իրավիճակում Սրբազանն այն մարդն է, որի շուրջ կարող են համախմբվել բոլոր քաղաքական ուժերը, նա իր տեսակով և էներգետիկայով կարող է համախմբել մարդկանց", - նշել է Դանիելյանը