Արմինֆո. Ս.թ. մայիսի 15-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։
Ինչպես հաղորդում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի Խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հետագա զարգացման հարցում խորհրդարանական աջակցման մասով՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ ս․թ․ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված բարձր պայմանավորվածությունների իրագործման շեշտադրմամբ։
Նշյալի համատեքստում արձանագրվել է Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետևողական առաջմղման պահանջվածությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ճյուղային միջխորհրդարանական կառույցների շրջանակներում։
Դիտարկվել է «Հայաստան-Ղազախստան» միջխորհրդարանական բարեկամական խմբի հերթական նիստի նախապատրաստական ընթացքն, ինչպես նաև երկկողմ շփումների և այցերի ժամանակացույցը։