Արմինֆո.Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը բողոքի շարժման մասնակիցների փոխարեն ինքն է փակում փողոցները: Այդ մասին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Այդ առնչությամբ նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ոստիկանությանը։ "Այն, ինչ մենք տեսնում ենք, ուղղակի անիրատեսական է, բառացիորեն նախօրեին մենք հայտարարել էինք, որ կհավաքվենք և անհամաձայնություն կհայտնենք ընդամենը մեկ մարդու քաղաքականությանը, իսկ այսօր տեսնում ենք, որ իշխանությունները Ոստիկանության մի քանի հազար աշխատակից են բերել այստեղ՝ ճանապարհներ փակելով, որպեսզի ապահովեն այդ մեկ մարդու անվտանգությունը։ Այս երեւույթն ունի մեկ բացատրություն՝ վախ եւ անջատվածություն սեփական ժողովրդից", - ասել է շարժման առաջնորդը։
Նա հավելել է, որ երկրի իշխանությունները վախենում են ճշմարտությունից, վախենում են ընդդիմության պայքարից հանուն հայրենիքի։ "Մենք՝ բոլորս, տեսնում ենք նրանց արձագանքը մեր փոքրիկ քայլին, որը հնարավոր չէ բնութագրել այլ կերպ, քան՝ ժողովրդի հաղթանակ", - ընդգծել է Գալստանյանը՝ կարեւորելով այսօրվա նշանակությունը:
Հիշեցնենք, որ "Տավուշ հանուն հայրենիքի" շարժման աջակիցները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ արգելափակելով մայրաքաղաքի փողոցային երթևեկությունը և պահանջելով կառավարության հրաժարականը: Մայիսի 9-ին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ելույթ ունենալով Երեւանում կայացած հանրահավաքում, կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, որն անտեսվել է: Դրանից հետո մայրաքաղաքում և հանրապետության մի շարք շրջաններում սկսվել են անհնազանդության ակցիաներ ։