Արմինֆո. Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
IDEB ցուցահանդեսն անցկացվում է Սլովակիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո INCHEBA ցուցահանդեսների և կոնվենցիաների կենտրոնում 2006 թվականից՝ 2 տարին մեկ անգամ:
IDEB ցուցահանդեսի հիմնական պրոֆիլներն են ՝ զենք և զինամթերք; տանկեր, ցամաքային ռազմական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ; ռազմական ավիացիա; զորքերի կառավարման և հետախուզության միջոցներ; անվտանգության տեխնոլոգիաներ և ծառայություններ; հատուկ սարքավորումներ և դիտարկման սարքեր; սարքավորումների պահպանման և վերանորոգման սարքավորումներ և նյութեր; բանակի և ոստիկանության անձնակազմի պատրաստման և վերապատրաստման միջոցներ; անձնական պաշտպանության միջոցներ; նավիգացիայի, վերլուծության և ազդանշանների մշակման համակարգերի ռադարներ, ընդունիչներ և հաղորդիչներ: Սպառազինությունների, պաշտպանական համակարգերի, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդես՝ IDEB անցկացնելու որոշումը պայմանավորված էր Պաշտպանության նախարարության համակարգում ներգրավված սլովակյան ընկերությունների միջազգային համագործակցության գործընթացներին ինտեգրվելու անհրաժեշտությամբ՝ այն պայմաններում, երբ երկիրը դարձել Է ՆԱՏՕ-ի անդամ: