Արմինֆո.Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն։ Այդ մասին մայիսի 15-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում օրերս Երկրորդ համաշխարհային պատերազմի հերթական հուշարձանի ոչնչացման մասին լուրերը։
Նրա խոսքով ՝ Մոսկվան այդ հարցը պահում է իր օրակարգում ։ "Մենք պարբերաբար բարձրացնում ենք այդ թեման երկու կողմերի հետ շփումներում։ Մի կարծեք, որ մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Մեր մոտեցումը հայտնի է ։ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն։ Հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի մասով մենք կոչ ենք անում և Բաքվին, և Երևանին խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պայքար, պատերազմ չվարել հուշարձանների դեմ: Դա, պարզապես, և նվիրվածություն է մեր նախնիների պատմությանը, և վստահության և փոխադարձ հարգանքի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորում, առանց որի այս տարածաշրջանում խաղաղության հասնելը չափազանց դժվար կլինի", - ասել է նա, ևս մեկ անգամ ընդգծելով, որ կա վստահության երկխոսություն երկու մայրաքաղաքների հետ ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնվել էին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի ոչնչացման հերթական կադրերը: