


ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանի ամբիոնից կոչ է արել ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ ղեկավար Եվգենի Բիբինին անցանկալի անձ հայտարարել Հայաստանում`ՙերկրի շահերը բացահայտ ոտնահարելու, ինչպես նաև հասարակությանը և պետական ինստիտուտներին արհամարհելու՚ համար:
Ուրիխանյանի քննադատությունը չի շրջանցել նաև Հայաստանի իշխանություններին: Նրա խոսքով, ՙնրանք իրենց տկարության պատճառով չեն կարողացել ինչ-որ արտասահմանյան կոմերսանտի ՙհախից գալ՚՚: Նա նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իր գլխավորած ոլորտում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
Նշենք, որ էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացման ՀԷՑ նախաձեռնությունը հարուցել է հայ հասարակության և պաշտոնյաների վրդովմունքը: Որոշ քաղաքական գործիչների և փորձագետների հավաստմամբ, ՀԷՑ պարտքերը կուտակվել են`ընկերության ղեկավարության անարդյունավետ կառավարման պատճառով:
Նշենք, որ նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագները բարձրացրել է 6,93 դրամով, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կկազմի 1 կՎտ/ժ դիմաց շուրջ 50 դրամ: ՀԷՑ-ը պնդում էր սակագների 17 դրամով բարձրացում`ընկերության բազմամիլիոն կորուստների պատճառով:


