Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ կրկին քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ – ների՝ Ալիևը կրկին պարծեցել է Արցախի և Հայաստանի նկատմամբ ագրեսիայով և առաջարկել վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները, քանի որ ինքն արդեն ուժով "լուծել է" Լեռնային Ղարաբաղի հարցը: Ընդ որում, Ալիևը որոշել է նաև Հայաստանի փոխարեն պատասխանել այդ առաջարկին, վստահեցնելով, թե, իբր, չկա որևէ պատճառ, թե ինչու հայկական կողմը չհամաձայներ դրան։
Յան Բորգն, իր հերթին, նշել է, որ իր այցը տարածաշրջանային բնույթ է կրում: Ընդ որում, նա հավելել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացին:
Այդ առնչությամբ Ալիևն ընդգծել է, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղ գործընթացը և այդ գործընթացի հիմքը կազմող հիմնարար սկզբունքները, խաղաղության համաձայնագրի տեքստը ևս պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ադրբեջանի կողմից: Նա հավելել է, որ ներկայումս շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ շրջանակներում տրանսպորտային հաղորդակցության հարցերի շուրջ։ Յան Բորգը նշել է, որ իր երկիրն ակտիվորեն աջակցում է փոքր կղզի պետությունների և զարգացող պետությունների հայեցակարգին և մշտապես հանդես է գալիս Եվրամիության հետ այդ երկրների հարաբերությունների զարգացման օգտին: Նա նշել է, որ պատրաստ է Բաքվի հետ համագործակցել նաև այս թեմայով ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը նախագահում է COP29-ում: