Արմինֆո.Ռուսաստանի սահմանապահները լքում են Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղի հարակից տարածքը: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է Ներքին հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։
Նրա ասել՝ նախօրեին գյուղացիները նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում գյուղի մոտակայքում գտնվող հենակետերը։
Նշենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններից հետո "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները կլքեն Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերը, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ "Զվարթնոց"օդանավակայանը: Դրանից հետո արդեն մայիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերման գործընթացը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն գտնվել հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին: