Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ
խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ
«Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր դեպի հանրահավաքի մասնակիցները։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և
վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի
ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 40-ամյա բնակիչ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ի սկզբանե տեղյակ լինելով Երևան քաղաքի Հանրապետության
հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, 2024 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «Կամազ 54112» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի
երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային
ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության
Հրապարակ: Այնուհետև, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի
կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝
հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ
արհամարհական վերաբերմունք դրսևորելով:
Մասնավորապես, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն
արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության
հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու
հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ
խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև՝ անհանգստություն պատճառելով
հրապարակում գտնվող անձանց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում: