Արմինֆո. Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին եւ 11-ին Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների նոր փուլի անցկացումը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ուղերձում։
"Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին կողմերի հանձնառության վերահաստատման և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման կարևորությունը ՝ որպես այդ գործընթացի հիմք և որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շարունակություն։ Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ 2024 թվականի ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև տեղերում իրականացվող սահմանազատման աշխատանքները: Ֆրանսիան նաեւ կոչ է անում շարունակել բանակցությունները երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով եւ ողջունում է այդ բանակցություններին աջակցելու Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը", - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ ի նպաստ Հարավային Կովկասում միջազգային իրավունքին համապատասխան արդար և կայուն խաղաղության հաստատման:
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: