Արմինֆո. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար: Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ ձևով չի նվազեցնում այն գլխիկոր կեցվածք ունեցողի անձնական պատասխանատվությունը, որն ունի ՆԳ նախարարը», - ընդգծել է Աբրահամյանը:
Նշենք, որ մայիսի 13-ին վաղ առավոտից Երևանում և հանրապետության այլ քաղաքներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման կազմակերպած բողոքի ակցիաների մասնակիցները սկսել են փակել ճանապարհները, ինչը ոստիկանների կողմից հանդիպել է կոշտ միջամտության: Հանրապետության ՆԳՆ վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվել 80 քաղաքացի, որոնք տեղափոխվել են ոստիկանության տարբեր բաժանմունքներ՝ իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջները չկատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով): ՆԳՆ-ի հաղորդման համաձայն, այս պահին Հայաստանի մայրաքաղաքում փակ կամ արգելափակված փողոցներ չկան: