Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման "Սրբազան պայքարի" ակնհայտ հաջողությունն այն է, որ Բագրատ Սրբազանն այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ, և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։
Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։
Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ այն բանից, այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։
Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։
Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։
Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ», - գրել է Ոսկանյանը։
Նշենք, որ երեկ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը կոչ էր արել քաղաքացիներին ամբողջ երկրում ՝ Երևանում և հանրապետության 10 մարզերում, անհնազանդության ակցիաներ իրականացնել: Շարժման հետագա գործողությունները նախատեսվում է քննարկել կիրակի օրը Հանրապետության հրապարակում կայանալիք մեծ հանրահավաքի ժամանակ:-
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ