Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:
"Իրավաբանական եւ տեխնիկական հարցերը կհստակեցվեն ավելի ուշ", - նշել է Մանուկյանը:
Այսօր ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամներն "Ազատություն" ռադիոկայանի հետ զրույցում բացառել էին, որ իրենցից որևէ մեկը կմիանա իմփիչմենտի ընթացակարգին:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ գործող կառավարության ղեկավարը տապալել է երկրի կառավարումը բոլոր ուղղություններով, ինչի կապակցությամբ պահանջել է նրա հրաժարականը: Այն բանից հետո, երբ պահանջը մերժվել է իշխող խմբակցության կողմից, Սրբազանը հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանն անտեսել է "իրեն ընտրողներին", ուստի պետք է նրան անվստահության քվե տալ խորհրդարանում: Նա նաև կոչ է արել գործադուլներ սկսել և բոյկոտել դասերը։
ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է հավաքել խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36-ի ստորագրությունները ։ Ընդդիմադիր "Հայաստան" (29) և "Պատիվ ունեմ" (6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր, ուրեմն անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն: Այս դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կամ պետք է համոզի 2021 թվականին "Պատիվ ունեմ" խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանին միանալ իրենց, կամ էլ համոզի իշխող խմբակցությունից որևէ մեկին։ Այնուհետև վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ՝ անվանական քվեարկությամբ: Այսինքն ՝ իմփիչմենտի քվեարկության համար անհրաժեշտ է առնվազն 54 ձայն, և ընդդիմությանը անհրաժեշտ է ևս 18 պատգամավորի ձայն։ Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է տվել:
Հարկ է հիշել, որ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա այդպիսի նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ: