Արմինֆո. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Աբովյանից շարժվել է դեպի Երևան, որտեղ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համաժողովրդական հանրահավաք:
Բագրատ Սրբազանը երթի մեկնարկից առաջ շնորհավորել է բոլորին հայ ժողովրդից գողացված եռատոնի կապակցությամբ: "Հենց նրա պատճառով, ով մեզնից գողացավ այս եռատոնը, մենք այսօր փողոցում ենք", - նշել է նա ։
Հայր Սուրբը երթի մասնակիցներին հորդորել է իրենց արժանապատիվ պահել, չծխել, չբղավել և հստակ կատարել հրահանգները: Աղոթքից հետո երթը Աբովյանից շարժվել է դեպի Երևան: Երթի մասնակիցները կրում են սպիտակ շապիկներ՝ 44-օրյա պատերազմում և դրանից հետո հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած տղաների նկարներով:
Նշենք, որ մայիսի 4-ին Կիրանց գյուղից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան: Քաղաքացիները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրաժարվել Ադրբեջանին միակողմանի զիջումների քաղաքականությունից։ Ակցիային միացել են աշխարհաքաղաքական տարբեր ուղղվածության բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, գիտության և արվեստի մարդիկ, ինչպես նաև սփյուռքյան կազմակերպություններ: Շարժումը դեմ է Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումներին ։