Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել առանձին հայտարարություններով, որոնցում նախազգուշացում են արել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին:
Մասնավորապես, ԱԱԾ հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»:
ՆԳՆ-ը իր հայտարարությունում, հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի», - ասվում է ՆԳՆ հայտաարարությունում:
Նշենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման համաժողովրդական հանրահավաք: Շարժման մասնակիցները դեմ են Հայաստանի գործող իշխանությունների միակողմանի զիջումներին և պահանջում են դադարեցնել Տավուշում սկսված ապօրինի սահմանազատումը ։