



Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող, 19-ամյա Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածվող զինծառայողը` 21-ամյա Իվան Բոսխոմջիևը հանցագործության կատարման ժամանակ եղել է ալկոհոլային ազդեցության տակ:
Ինչպես հաղորդում են ԱրմԻնֆո գործակալության աղբյուրները, սպանության պատճառը եղել է «գործ տալը»: «Նովիկովի բազմաթիվ մատնությունների արդյունքում պաշտոնից ազատվել է գումարտակի հրամանատար սպան, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Սպանության գիշերը Բոսխոմջիևը պաշտոնանկ սպայի հետ խմելիս է եղել, որն էլ նրան պատմել է ունեցածի մասին»,-պատմում է ԱրմԻնֆո-ի աղբյուրը:
Նրա խոսքով, հենց դա էլ Բոսխոմջիևին դրդել է գնալ այդ հանցագործությանը: Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ եղել է նաև միջադեպի երրորդ մասնակից, որը վիրավորված գտնվում է ռազմաբազայի տարածքի հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել էր ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին՝ կտրող-ծակող առարկայով պատճառվածվնասվածքի հետքերով։ Սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները։


