Արմինֆո.Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Մայիսի 4-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ներկայացուցիչները Տավուշի Կիրանց գյուղից երթով սկսել են շարժվել դեպի Երևան: Մայիսի 9-ին նրանք նախատեսում են ժամանել մայրաքաղաք։ Նրանք բողոքում են, իրենց ասելով, "հայկական հողերի ապօրինի սահմանազատման եւ հանձնման" դեմ ։