Արմինֆո. Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Ինչպես հաղորդում է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ՀԿ ղեկավար Հովիկ Ավանեսովը, այդ քաղաքականության հերթական թիրախ է դարձել Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, ինչի մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։
«Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ», - ամփոփել է ՀԿ ղեկավարը։