Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ ուղեւորությունից։ Վրաստանի ԱԳՆ-ում հաստատել են այդ տեղեկությունը և բացատրել պատճառները։
Նշենք, որ մայիսի 2-ին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հաղորդել էր, որ վերջերս ամերիկյան կողմը հրավիրել է Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերությանն ու ԱՄՆ-ի օգնությանը վերաբերող ցանկացած հարց:
"Ցավոք, վրացական կողմը նախընտրեց հրաժարվել այդ հրավերից։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերահաստատել իր հավատարմությունը Վրաստանի եվրատլանտյան ապագային, ինչպես դա գրված է Վրաստանի սահմանադրության մեջ", - հայտարարել է ԱՄՆ դիվանագետը։
Վրաստանի ԱԳՆ-ում, անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, թե երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են Միացյալ Նահանգներ մեկնելու հրավերց ռազմավարական գործընկերության և օգնության թեմաները քննարկելու համար, հաստատել են, որ Վրաստանի վարչապետն իսկապես ստացել է նման հրավեր, սակայն այն վերապահում է պարունակում: Մասնավորապես, եթե այցից առաջ Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես դադարեցնի "օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին" օրինագծի քննարկումը։
"Վերապահումներով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերության ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա, ինչի կապակցությամբ ԱՄՆ դեսպանին մանրամասն բացատրություն է ներկայացվել", - ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Նշենք, որ Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների և միջազգային լուրջ ճնշումների ֆոնին ընթանում են "օտարերկրյա գործակալների" մասին օրինագծի քննարկումները։ Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է նշված փաստաթուղթը։ Եթե այն ուժի մեջ մտնի, լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա դոնորներից, պարտավոր կլինեն գրանցվել որպես "օտարերկրյա ուժի շահերի կրող կազմակերպություններ":