Արմինֆո.Կիրանց գյուղի բնակիչների հանդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "սերը" մայիսի 2-ի առավոտյան դրսևորվել է նրանց նկատմամբ ոստիկանական բռնության գործադրմամբ։ Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ նախօրեին ՀՀՀ-ին հարցազրույցի ժամանակ Փաշինյանը, դիմելով կիրանցցիներին, նրանց հանդեպ սիրո երդում է տվել։ "Սակայն այսօր բոլորս ականատես եղանք այդ "սիրուն", երբ իրավապահ մարմինները բիրտ ուժի կիրառմամբ, կիրանցցիներին ծեծելով, նրանց տեղափոխեցին ոստիկանության տեղի բաժանմունքներ: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը, ահաբեկելով սեփական ժողովրդին, կանգ չի առնում ոչնչի առաջ ՝ փորձելով ավարտին հասցնել հակապետական արարքները", - ասել է Մինասյանը, հավելելով, որ այդ արարքները ոչ միայն դատապարտելի են, այլև ավելի քան լուրջ հետևանքներ կունենան։
Հիշեցնենք, որ Կիրանց գյուղի շուրջ իրավիճակն այսօր առավոտից կտրուկ սրվել է՝ այն բանից հետո, երբ իրավապահների կողմից արգելափակվել են դեպի այդ բնակավայր տանող բոլոր ճանապարհները, բոլոր դժգոհները՝ 20-ից ավելի անձինք, հիմնականում, արական սեռի ներկայացուցիչներ, բերման են ենթարկվել: Գյուղում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ ։
Նախօրեին ՀՀՀ-ին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ առաջիկա օրերին Կիրանց գյուղի ոչ խնդրահարույց հատվածներում սկսվելու է սահմանազատման գործընթաց: Վարչապետը նշել էր, որ գյուղում կա 11 կետ, որոնք ենթակա են սահմանազատման։ Փաշինյանը հատուկ նշել էր, որ , ընդհանուր առմամբ, գյուղացիները չեն վիճարկում արդեն համաձայնեցված սահմանը, 3-4 կետերի վերաբերյալ առարկություններ ունեն: "Սահմանազատումը կսկսենք այն մասում, որը գյուղի բնակիչների կողմից չի վիճարկվում, բայց ելքեր կփնտրենք մնացած կետերի վերաբերյալ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք գյուղացիների իրավունքները", - հայտարարել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ը պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով այդ պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են սկսել: