Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը:
"Ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարների բանակցությունների անցկացմանը", - ասվում է Տոկաևի հայտարարությունում, որը տարածել է Ակորդան:
"Ելնում եմ այն բանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի ադրբեջանահայկական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը, կնպաստի Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը", - նշել Է Ղազախստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը վերջին շաբաթներին պետական այցերով այցելել էր երկու երկրներ և դրանց ընթացքում Ադրբեջանին ու Հայաստանին կոչ էր արել շուտափույթ բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ: Այդ առումով նա Ղազախստանի պատրաստակամությունն էր հայտնել հարթակ տրամադրել նման բանակցությունների համար։ Իսկ արդեն անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ալմաթիում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մոտալուտ բանակցությունների մասին։ Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են Ալմաթիում նման հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը ։