Արմինֆո. Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները, որոնք միլիոնավոր հեռուստադիտողներ գիտեն մի շարք կուլտային ֆիլմերի շնորհիվ, Երևանում կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը:
Համերգը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Նվագախումբը մաեստրո Մորիկոնեի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ կներկայացնի լեգենդար կոմպոզիտորի հեղինակային ծրագիրը, ում ստեղծագործությունները գրավել են միլիոնավոր հանդիսատեսի սրտերը և կոմպոզիտորին բերել "Օսկար" մրցանակ:
Մասնավորապես, երևանյան հանդիսատեսը կլսի երաժշտություն այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են ""The Good, the Bad and the Ugly", "Once Upon a Time in America","Malena" և շատ ուրիշներ:
Նշենք, որ Էնիո Մորիկոնեն կինեմատոգրաֆիայի ողջ պատմության ամենահայտնի և ազդեցիկ կոմպոզիտորներից մեկն է։ 60-ամյա կարիերայի ընթացքում գրելով ավելի քան 500 սաունդթրեք, նա հասցրել է աշխատել մեծագույն կինոռեժիսորների հետ՝ Բերտոլուչիից և Տորնատորեից մինչև Ալմոդովար և Տարանտինո: Նրան փառք ու համաշխարհային ճանաչում են բերել Սերջիո Լեոնեի վեսթերնների համար աշխատանքները, որոնցից կոմերցիոն առումով ամենահաջողվածը "Մեկ անգամ վայրի Արևմուտքում" ֆիլմի սաունդթրեքն է, որն ամբողջ աշխարհում վաճառվել է տասը միլիոն օրինակով։ Հենց այս ֆիլմերում էր, որ Մորիկոնեն առաջին անգամ ցուցադրեց իր յուրահատուկ ոճը, որը մեծապես փոխեց կինոերաժշտության պատմությունը։