Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։
Նշենք, որ դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր Երևանում Ֆրանսիայի ռազմական կցորդի նշանակման մասին ՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։ Իսկ արդեն հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական արձագանքեց Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել է Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության մասին: Այն ժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման մասին և փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռքբերմանը ։ Ֆրանսիան Հայաստանին արդեն մատակարարել է 24 միավոր "Բաստիոն" տիպի թեթև զրահամեքենա։ Ընդհանուր առմամբ Հայաստանը կստանա 50 նման մեքենա։