Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Politico-ի հետ հարցազրույցում։
«Հայաստանի աշխարհագրությունը նշանակում է, որ նա պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն երևակայողները կարող են մտածել, թե Հայաստանը կգնա ինքնասպանության քայլի՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում», - հավելել է նա։
Տիգրան Բալայանի ասելով՝ ԵՄ-ի հետ Երեւանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա, եւ այսօր մեր ազգային շահերը պահանջում են, որպեսզի ՀՀ օրինակելի հարաբերություններ ունենա ԵՄ-ի և դրա անդամ բոլոր պետությունների հետ»։ «Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուսաստանցի գործընկերներին»,- հավելել է դիվանադետը։
Այդ առնչությամբ Politico-ն հիշեցնում է, որ Հայաստանն այժմ կասեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հրավիրել է ԱՄՆ զորքեր՝ երկրում համատեղ զորավարժություններ անցկացնելու, և կախված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից՝ Ադրբեջանի հետ իր լարված սահմանի երկայնքով բախումները կանխելու համար: Հանրապետությունը նաև ակտիվացրել է ջանքերը՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները խախտելուց խուսափելու համար՝ աշխատելով կանխել զգայուն ապրանքների արտահանումը։
Բալայանի համոզմամբ, դա չպետք է դիտարկել որպես «շրջադարձ դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հաշվին»։
«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուսաստանցի դիվանագետների հետ, և ես նրանց պատմում եմ, թե ինչ ենք անում, ես երբեք ոչ մի հակափաստարկ չեմ ստացել, թե ինչու մենք չպետք է դա անենք, թե ինչպես Հայաստանի տնտեսությունում եվրոպական և ամերիկյան ներդրումները պետք է վնասեն Ռուսաստանի շահերին»,- ասել է Բալայանը։