Արմինֆո. Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում, գովերգում և խրախուսում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին:
Ու սա այն դեպքում, որ եթե 2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր, ապա այսօր մարդիկ բառիս բուն իմաստով, իրենց ընտանիքների ու տան պաշտպանության դիրքերում են:
Մի հանգամանք էլ` երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին: Իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին», - նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով՝ այն հաղորդումների ֆոնին, որ շուրջ երկու տասնյակ զինվորականներ եկել են Ոսկեպար-Կիրանց ճանապարհ ՝ իրենց աջակցությունը հայտնելու այն քաղաքացիներին, ովքեր փորձում են պաշտպանել իրենց տներում անվտանգ ապրելու իրենց իրավունքը: