Արմինֆո. Անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում։ Վաղ առավոտից քաղաքացիները, որոնք համաձայն չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ամբողջ երկրում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մայրաքաղաքի առանցքային մայրուղիների փակումից խուսափելու համար առավոտից ճանապարհային ոստիկանությունն արգելել է մեծ բեռնատարների մուտքը Երևան:
Առավոտից կարճ ժամանակով արգելափակվել են Երևանի մի շարք փողոցներ։ Այնուհետև քաղաքացիները կաթվածահար են արել Երևան-Էջմիածին ճանապարհը: Ոստիկանները դժվարությամբ են կարողացել բացել ճանապարհը։ Տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից:
Լարված իրավիճակ է ստեղծվել Սևան-Երևան ավտոճանապարհին։ Ոստիկանները բիրտ, անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին: Միջպետական նշանակության մայրուղուց բերման են ենթարկվել նաև տասնյակ ցուցարարներ։
Չնայած արդեն որերորդ օրն է՝ քաղաքացիներն անհամաչափ ուժի են ենթարկվում իրավապահների կողմից, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում: Նա անհոգ հաճախում է տարաբնույթ կոնֆերանսների և անցկացնում հերթապահ հանդիպումներ, իսկ նրա գրասենյակը շարունակում է լուսանկարներ զետեղել այդ, այսպես կոչված, կարևոր աշխատանքից։ Իսկ քաղաքացիները, որոնց նա պետք է պաշտպանի իր մանդատի շրջանակներում, շարունակում են բախվել ոստիկանական կամայականությունների։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում: Նրանք դեմ են Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված սահմանազատման տարբերակին, որի արդյունքում ռազմավարական բարձունքներն անցնում են Ադրբեջանին, հայկական գյուղերը հայտնվելու են լրիվ կամ մասնակի շրջափակման մեջ ։ Տավուշի բնակիչներն արդեն յոթերորդ գիշերն են անցկացնում Ոսկեպար-Կիրանց փակ ճանապարհին։
Բացի այդ, ամբողջ երկրում սկսվել են անհնազանդության ակցիաներ ՝ թշնամուն միակողմանի զիջումները դադարեցնելու պահանջով ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու կոշտ գործողություններ է իրականացնում։