Արմինֆո. Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, ով հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում (X) արդեն մեկնաբանել է դա:
"Մենք ողջունում ենք այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ.Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել են որպես հիմք երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման համար։ Դա կարեւոր քայլ է երկարաժամկետ եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ճանապարհին", - հավաստիացրել է Պատելը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել էին սահմանի սահմանազատումն սկսել Տավուշի մարզից: Նրանց հավաստմամբ ՝ սահմանագծի այդ հատվածների նկարագրությունը կկազմվի՝ հաշվի առնելով կոորդինատների ճշգրտումը, որոնք կստացվեն տեղում գեոդեզիական չափումների արդյունքում։ Այդ ամենը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրության մեջ, որը կողմերի միջև պետք է համաձայնեցվի և ստորագրվի մինչև ընթացիկ տարվա մայիսի 15-ը: Հավելենք, որ այս հատվածում Հայաստանը միակողմանիորեն հանձնում է նույն Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված երկրի ինքնիշխան տարածքները, փոխարենը չստանալով ոչինչ, այդ թվում ՝ չհարձակվելու երաշխիքներ։ Մարդկանց, պարզապես, դուրս են շպրտում սահմանամերձ մի շարք գյուղերի իրենց տներից՝ հանուն Ադրբեջանի խաղաղեցման, նրանց զրկելով իրենց նախնիների գերեզմաններ այցելելու, իրենց հողերը մշակելու, իրենց եկեղեցիներում աղոթելու և, պարզապես, անվտանգ ապրելու հնարավորությունից: Եվ մի շարք երկրների ողջույնները, փորձագետների գնահատմամբ, ներկա պայմաններում, մեղմ ասած, սրբապղծություն են թվում։