Արմինֆո.Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր պարոն Էդվարդ Լին իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների դեմ հարձակումներին:
"Երուսաղեմը բազմակրոն քաղաք է, սակայն Հայկական թաղամասի քրիստոնյաները բախվում են սպառնալիքների և ահաբեկումների։
Որպես Իսրայելի լավ բարեկամներ՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք ծայրահեղական վերաբնակիչների եւ այն սակավաթիվ պաշտոնյաների շարժման ավազակային վարքագծին, որոնք համակրում են նրանց", - գրել է խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայ համայնքը 2023 թվականի նոյեմբերի 5-ից շուրջօրյա պաշտպանում է իր սեփականությունը: Միայն վերջին 150 օրվա ընթացքում նրա ներկայացուցիչները բախվել են անպատիժ հարձակումների տարափի: Վերջին օրերին հարձակումները հաճախակի են դարձել: 2024 թվականի ապրիլի 3-ին ՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում, իսրայելական ոստիկանությունը ապօրինի վտարում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի "Կովերի պարտեզի" տարածքից ՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, ինչպես նաև հարձակվելով հոգևորականների և տեղի հայերի վրա: Հարձակումներն աավելի կոշտ ձևով կրկնվեցին ապրիլի 10-ին։
Հավելենք, որ սա Հին քաղաքում Հայոց պատրիարքարանի գույքն ուժով զավթելու առաջին փորձը չէ։ Պարտեզի փրկության շարժումը կոչ է անում բոլոր միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա ՝ լուծելու այս իրավիճակը, որը վտանգում է հայերի 1700-ամյա ներկայությունը Սուրբ Երուսաղեմ քաղաքում: Իսրայելական ոստիկանության այդ գործողություններն արդեն դատապարտել են Ֆրանսիան, Հորդանանը և Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պայմանագիր էր կնքել իսրայելական ընկերության հետ ՝ նրան իրավունք տալով "Կովերի պարտեզի" տարածքում կառուցել լյուքս դասի հյուրանոց ՝ մի քանի պատմական շենքեր քանդելու իրավունքով ։ Պատրիարքարանը չեղարկել է գործարքը հայ համայնքի, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարության իշխանությունների բողոքներից հետո: Դրանից հետո հայ համայնքի վրա հարձակումներ են սկսվել, վերջին հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ մոտ 30 զինված անձինք հարձակվել են տեղամասի վրա ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով այնտեղ հերթապահող մի քանի հայ ակտիվիստների, այդ թվում ՝ քահանային և ճեմարանի սաներին։