Հարցման ենթարկվածների 26%-ն ապրիլին Ժիրայր Սեֆիլյանի և Հիմնադիր խորհրդարանի մյուս ներկայացուցիչների կալանավորումը համարել է ընդդիմության նկատմամբ իշխանությունների ճնշում: Այդ մասին հաղորդել է GALLUP International association-ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` հունիսի 12-ին մամուլի ասուլիսում ներկայացնելով սոցհարցման արդյունքները:
Հարցման մասնակիցների 43%-ը կալանքը համարել է կանխարգելիչ միջոցառում` ապրիլի 24-ի միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար, իսկ 30%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցման մասնակիցների ընդամենը 5%-ն է դրական գնահատել ապրիլի 24-ին «100-ամյակն առանց ռեժիմի» միջոցառում անցկացնելու Հիմնադիր խորհրդարանի մտադրությունը: 24%-ը դա գնահատել է, ավելի շուտ, դրական, 30%-ը` ավելի շուտ, բացասական, 20%-ը` բացասական, ևս 20%-ը դժվարացել է պատասխանել:
Ապրիլի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր հայտարարություն, որի համաձայն, 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։ Ավելի ուշ նրանց կալանավորել էին: Մայիսի սկզբին նրանց բոլորին ազատ արձակեցին` կալանքը փոխարինելով հանրապետությունից չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ: