Արմինֆո. "Հայաքվե" նախաձեռնությունն՝ ի աջակցություն տավուշցիների, մեկ ժամով փակել է Վրաստանի ուղղությամբ միջպետական ճանապարհը, որն անցնում է Լոռու մարզով: Ճանապարհը փակվել է Ալավերդու մոտակայքում։ Նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը նշել է. "Այսօր մեկ ժամով փակեցինք Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում մեր բնակավայրերի տարածքների հանձնման դեմ բողոքող մեր հայրենակիցների: Մեր պահանջը հայրենիքը սակարկության հանած վարչակազմի հեռացումն է և հայրենիքը կտոր-կտոր հանձնելու գործընթացի կասեցումը։ Մի լռեք, ձեզնից յուրաքանչյուրը կգտնի իր բողոքն արտահայտելու ձևը"։
Ըստ ԶԼՄ-ների՝ ի աջակցություն տավուշցիների այսօր մի խումբ քաղաքացիներ որոշ ժամանակով փակել են ևս մեկ ճանապարհ դեպի Վրաստան՝ արդեն Շիրակի մարզում "Բավրա" անցակետի ուղղությամբ:
Նշենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիները արդեն երրորը դուրս են գալիս փողոց ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու անօրինական գործընթացը: Անցած գիշերը տավուշցիներն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին ։ Իսկ այսօր առավոտից ռազմական ոստիկանությունը ոստիկանության ուղեկցությամբ փակել է Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցու շրջակայքը և այնտեղ ականազերծման գործընթաց իրականացրել ՝ հայկական զորքերը հետագայում հետ քաշելու նպատակով։
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Երեկոյան սահմանամերձ գյուղերի ղեկավարները կժամանեն Երևան՝ հանդիպելու փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ ։