Արմինֆո. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Մի՜ հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները, ցանածն ու պտուղները։ Մենք դժվար ճանապարհ ենք անցնում միասին, և ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ՜։ Ուրեմն, հանգիստ ու հանդարտ, միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները՝ ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն` մեր ժողովրդի անվտանգության ու պետության զարգացման համար», - գրել է Արշակյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մասնավորապես, «սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»: