Արմինֆո. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Arab News-ի հետ հարցազրույցում:
«Հայաստանը դեմ է քաղաքացիական անձանց թիրախավորմանը: Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ մենք նույնատիպ զարգացումների միջով անցանք, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում 100.000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը, և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում: Մենք իսկապես մերժում ենք քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Կցանկանայի նաև նշել, որ Հայաստանի կառավարությունը վերջերս Գազայից տեղահանված փախստականներին հումանիտար աջակցություն ուղարկեց: Հուսով ենք, որ դա կօգնի թեկուզ ինչ-որ առումով թեթևացնել նրանց վիճակը և տառապանքները», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: