Արմինֆո.«Մենք իսկապես հավատում ենք, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Arab News-ի հետ հարցազրույցում:
«ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և մենք բանակցություններում ներգրավված ենք բարեխղճորեն և կառուցողական կերպով: Թեև պետք է նշեմ, որ դեռևս կան մի քանի կարևորագույն հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են միմյանցից։ Առաջին խնդիրն, իհարկե, սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման խնդիրն է: Մենք համոզված ենք, որ գործընթացը պետք է ընթանա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որն անվանել ենք «խաղաղության խաչմերուկ». մենք իրապես կարծում ենք, որ եթե Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային կապուղիներն ապաշրջափակվեն՝ ներառյալ ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհներն ու երկաթուղիները, դա շահեկան կլինի ոչ միայն տնտեսական առումով, այլև կդառնա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության էական գործոն», - ընդգծել է արտգործնախարարը: