Արմինֆո.ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։
"Գլխավոր քարտուղարն ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համապատասխան պետական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված համաձայնությունը", - ասվում է հայտարարությունում:
"Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիակատար կարգավորման համար", - նշել է Դյուժարիկը:
Նախօրեին կողմերը պայմանավորվել են մինչև հուլիսի 1-ն ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը ։ Հաղորդագրության համաձայն ՝ կողմերը պայմանավորվել են, որ սահմանազատման գործընթացում երկրները հիմնվելու են 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ըստ պայմանավորվածության՝ այս սկզբունքը կամրագրվի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծում։ Փաստաթղթի հաստատումից հետո կողմերը կհամաձայնեցնեն հերթականությունը և կշարունակեն սահմանի մնացած բոլոր հատվածների սահմանազատման գործընթացը։