Արմինֆո.2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հնգամյա ժամկետով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս և հակասություններ առաջացնում տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Այդ մասին ասվում է "Մենք կանք" քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում։
«Նման ճանապարհով խաղաղության ու անվտանգության երաշխավորի դիրքավորումը վերջնականապես ձախողվում է և նոր դուռ բացում ադրբեջանական հանցագործությունների համար:
Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հիմա էլ խաղաղապահների հեռացումը քաղաքակրթական նորմերից դուրս գործող Ադրբեջանին ազատում է զսպման որևէ մեխանիզմից և արտոնում ամեն հայկականը վերացնելու անկաշկանդ գործողություններ: Ակնհայտ է, որ այս ամենով նոր հիմքեր են ստեղծվում մշակութային ցեղասպանության և ընդհանրապես, արցախցիների բոլոր իրավունքների, այդ թվում՝ գույքի, սեփականության չեղարկման համար:
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը գտնում է, որ նման քաղաքականությամբ ՌԴ-ն նպաստում է Ալիևի ամենաթողությանն ու ադրբեջանական հանցագործությունները «մարսեցնելու» պահվածքին: Արցախի ժողովուրդն անվերապահորեն հավատացել և ընդունել է իրեն պաշտպանելու ՌԴ առաքելությանը, ինչն էլ տապալվեց 2023-ին էթնիկ զտմամբ: Իսկ տարածքը վաղաժամ լքելու որոշումով էլ անտեսվեց Արցախի հասարակության ու պետական ինստիտուտների հետ նման հարցերը քննարկելու կարևորությունը:
Միևնույն ժամանակ, կատարվող գործընթացը մենք համարում ենք գլոբալ մարտահրավեր և կոչ ենք անում աշխարհի բոլոր բևեռներին` թույլ չտալ արցախյան հիմնահարցի վրա տապանաքար դնելու տեսանելի և անտեսանելի փորձերը», - ընդգծվում է հայտարարությունում:
Նշենք, որ ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում, որը կասեցրել էր Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական տանդեմի նախաձեռնած պատերազմը։ Ռուսական խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում նախատեսվում էր մինչև 2025 թվականը։ Անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, ողջ միջազգային հանրության անգործության և արցախցիների զանգվածային արտագաղթի ֆոնին, խաղաղապահների անհրաժեշտությունը, ընդհանուր առմամբ, վերացել է: Կրեմլում արդեն հաստատել են օկուպացված Արցախից ՌԽԶ-ի ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի փաստը։ Իսկ Բաքվում հաղորդել են, որ այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Ռուս զինվորականները դուրս են բերվում Ադրբեջանի տարածքով, ըստ ԶԼՄ-ների ՝ Դաղստանի տարածքով: