Այժմ նաև Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, զանգահարելով 911 և 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին: Ինչպես ԱրմԻնֆո-ին ահղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ: Մինչև այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նման հնարավորությունն ընձեռել էր Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող իր բաժանորդներին:
«Աղետներին կամ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքելու կարողությունն էական նշանակություն ունի մարդկային կորուստները կանխելու և ռազմավարական նշանակության տեղանքներում անհրաժեշտ օգնություն ապահովելու առումով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է տեխնիկական գերժամանակակից միջոցներ և տրամադրում է իր գերհզոր ցանցի հնարավորությունները՝ 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները երկրի տարածքով մեկ տեղայնացնելու նպատակով: Հաշվի առնելով տարածաջրանին հատուկ ռիսկի գործոնները՝ ընկերությունն աջակցում է աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության առանցքային ծրագրերին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Նորարարության նպատակն է կրճատել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: Նոր համակարգն աստիճանաբար կներդրվի բոլոր մարզերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: