Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:
Գեղագիտության ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսն իրականացվում է Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի (Platform Culture Central Europe) Սլովակիայի նախագահության կապակցությամբ։
Երևանում Jewellery Academy ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Միրոսլավ Հացեկը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիզոր դեսպան պարոն Պետր Պիրունչիկը, Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիզոր դեսպան տիկին Աննա Սիկոն, դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ,Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին և Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, մասնակից արվեստագետները և հյուրեր մասնակից երկրներից:
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) տնօրեն Վահան Բադալյանը, ողջունելով ներկաներին, մեծ ուրախություն հայտնեց, որ ԳԱԿ-ը նման գեղեցիկ նախագիծ է իրականացնում:
«Հրաշալի առիթ է տեսնել տարբեր երկրների մոտեցումները զարդարվեստի ոլորտում: Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ ուրախ եմ, որ մեր երկիրը ևս այս ցանկում է: Հատուկ շնորհակալություն ՀՀ-ում Սլովակիայի դեսպանությանն ու պարոն դեսպանին՝ հրաշալի համագործակցության համար»:
Ցուցադրված են զարդերի յուրահատուկ նմուշներ, որոնք առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ, նորարարությամբ ու վարպետությամբ: Յուրաքանչյուր զարդ ունի իր յուրահատուկ պատմությունը՝ արտացոլելով այն ստեղծողի որոնումներն ու արտահայտման ուղիները:
«Մենք այստեղ ենք, որ տոնենք այս արվեստագետների տաղանդը, միշտ նորը ստեղծելու նրանց ձգտումները: Մենք այստեղ ենք որպես Կենտրոնական Եվրոպայի մի մաս՝ ցույց տալու, որ միասին մենք ուժեղ ենք, և քաջալերելու նման նախաձեռնությունները: Այստեղ ներկայացվում են զարդեր աշխարհի ամենագեղեցիկ զարդերն ունեցող երկրներից մեկում: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, և շնորհակալություն Գեղագիտության ազգային կենտրոնին՝ հրաշալի համագործակցության համար»,-իր խոսքում նշեց Կենտրոնական Եվրոպայի մշակութային հարթակի նախագահ, Սլովակիայի Հանրապետության Արտաքին և Եվրոպական կապերի նախարարության մշակույթի բաժնի ղեկավար Լիվիա Մաչովան:
«Այս ցուցահանդեսը համընկնում է Հայաստանի և Եվրոմիության համագործակցության սերտացման կարևոր փուլի հետ: Երբեմն մշակույթն անտեսվում է, և սա բացառիկ օրինակ է, երբ համագործակցության առանցքում զարդարվեստն է: Մենք շատ կարևորում ենք Սլովակիայի հետ հարաբերությունների սերտացման նման գեղեցիկ առիթները»,-ընդգծեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Երևանում Jewellery Academy ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսը կգործի ապրիլի 18 - 28, ժամը՝ 12։00 - 18։00։ Մուտքն ազատ է։