


Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների միջև` այն պահին, երբ վերջիններս փորձել են մոտենալ նստավայրի դարպասին, քանի որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդել են, թե զինվորների ծնողներն այնտեղ ակցիա անցկացնելու իրանունք չունեն: Դեպքի վայր ժամանած Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցը փորձել է հարթել իրավիճակը, սակայն նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Ակցիայի մասնակիցները փողոցի երթևեկելի մասով ճեղքել անցել են շենքի մոտ, ինչից հետո Ոստիկանության աշխատակիցները, կիրառելով ուժ, նրանց «հետ են շպրտել» հանդիպակաց մայթ:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում նախագահի հետ: Նրանք նաև իրավապահ կառույցներից պահանջում են իրենց զավակների սպանությունների մանրակրկիտ և համակողմանի հետաքննություն և իրական մեղավորների պատասխանատվության ենթարկում:
Հիշեցնենք, որ սա բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ բռնության առաջին դեպքը չէ: Նման միջադեպ էր տեղի ունեցել նաև մայիսի 13-ին, ինչից հետո ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել:



