Արմինֆո. Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին՝ ապրիլի 19-ի գիշերը։ Այդ մասին հաղորդել է ABC News -ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է New York Times-ը, վկայակոչելով իրանցի երեք պաշտոնյաների, հարձակման է ենթարկվել Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմական ավիաբազան։ Թերթի զրուցակիցները հստակեցրել են, որ հարվածն Իսրայելի առաջին պատասխանն է ապրիլի 15-ի գիշերն Իրանի հարձակմանը:
NYT-ը նշում է, որ Սպահանի Մոտակայքում՝ Իրանի կենտրոնական մասում, տեղակայված է շահիդ Բաբայի անվան 8-րդ մարտավարական ավիաբազան: Այնուհետև աղբյուրը, հղում անելով թռիչքների հետևման կայքերին, նշում է, որ քաղաքացիական ինքնաթիռները փոխել են իրենց երթուղիները և շրջանցում են Սպահանի շրջանը:
Իրանի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը Twitter-ում (X) գրել է, որ իրանական ՀՕՊ-ը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել, "հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա":
Մինչդեռ, իրանական Fars News գործակալությունը հաղորդել է, որ Սպահանի քաղաքացիական օդանավակայանի մոտակայքում պայթյուններ են լսվել: Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրների տվյալներով, Սպահան նահանգում միջուկային օբյեկտները հարձակման չեն ենթարկվել և գտնվում են լիակատար անվտանգության մեջ:
Իրանի բանակի երկրորդ բրիգադային գեներալ Սիյավաշ Միհանդուստն, իր հերթին, նշել է, որ պայթյունի ձայնը, որն այսօր առավոտյան լսվել է Իրանի կենտրոնական մասի Սպահան քաղաքում, կապված է եղել ՀՕՊ-ի աշխատանքի հետ, որն արձագանքել է կասկածելի օբյեկտներին: " Այսօր առավոտյան պայթյունի ձայնը կապված է եղել կասկածելի օբյեկտների ուղղությամբ ՀՕՊ կրակոցների հետ, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, եւ վնաս չի հասցվել", - հավաստիացրել է Միհանդուստը:
Ինչպես հաղորդում է IRNA պետական գործակալությունը, ուրբաթ օրը, առավոտյան ժամը 4-ին (տեղական ժամանակով), Սպահանի 8-րդ ավիաբազայի ՀՕՊ-ը գործի է դրվել ալիքակալման համար, որի ձայնը լսվել է Սպահանի հյուսիս-արևելքից:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու մասին լուրերը: "Այս պահին մենք ասելիք չունենք", - հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանին "սահմանափակ" հարված հասցնելու մասին հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին