
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար Մինսկի գործընթացը սակավաթիվ ոլորտներից մեկն է, որոնցում նրանց լեգիտիմությունը և կառավարման բնույթը հազվադեպ են կասկածի ենթարկվում: Այդպիսի կարծիք է հայտնել «Հաշտեցման ռեսուրսներ» (Լոնդոն) կազմակերպության կովկասյան նախագծերի խորհդրական Լոուրենս Բրոյերսը:
«Թե Սերժ Սարգսյանը, թե Իլհամ Ալիևն օգտվում են ՄԱԿ ԱԽ երեք անդամների և համաշխարհային երեք խոշոր տերությունների մասնակցությամբ միջնորդական լուրջ գործընթացի առավելություններից, ուր Հայաստանն ու Ադրբեջանը մուտքի հնարավորություն ունեն Մինսկի խմբի միջոցով: Դրանով իսկ, գործընթացի առկայությունը բխում է նաև նրանց շահերից», - նշում է փորձագետը:
Բրոյերսն ընդգծել է, որ հակամարտող երկրների նախագահները մադրիդյան սկզբունքներում բազմաթիվ պահեր են գտնում, որոնց շուրջ կարող են պայմանավորվել: Ընդ որում, «Անալիտիկոն» հանդեսում հրապարակված հոդվածում փորձագետը նշում է, որ, ընդունելով սկզբունքների որոշակի դրական կողմերը, Երևանի և Բաքվի բանակցողները չեն շտապում այդ մասին տեղեկացնել հասարակության ավելի լայն շերտերին: Եվ, որ ամենագլխավորն է, չեն փորձում դա բացատրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ընդհանուր առմամբ, սկզբունքների նկատմամբ բացասական փոխհամաձայնություն է ստեղծվել թե Բաքվում, թե Ստեփանակերտում, թե Երևանում:
Բրոյերսը սկզբունքների բազմաթիվ հիմնական ասպեկտների շուրջ կողմերի լուռ փոխհամաձայնություն է տեսնում. նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների մեծ մասից հայկական զորքերի դուրս բերում, վերադարձի կամ փոխհատուցման իրավունք փախստականների և ժամանակավոր տեղահանվածների համար, անվտանգության միջոցների նոր փաթեթ միջազգային ներկայության առկայությամբ, և հատուկ մեխանիզմներ, որոնք երաշխավորում են Հայաստանն ու Ղարաբաղը կապող ճանապարհների մատչելիություն:
«Այդուհանդերձ, հենց որ գործը հասնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, մանրամասները դառնում են ավելի ու ավելի անորոշ: Իսկ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը և դրա վերջնական կարգավիճակը որոշելու համար նոր հանրաքվեի պայմանները բավականին մշուշոտ և անորոշ են թվում», - նշում է փորձագետը:
Այդ լույսի ներքո Մինսկի խումբը, Բրոյերսի գնահատմամբ, իրենից ներկայացնում է համագործակցության միայնակ կղզյակ ողջ հետխորհդրային տարածքում համընդհանուր բևեռացման, առճակատման և մրցակցության ծովում: Այդուհանդերձ, դրա վերջնական վախճանը ոչ ոքի շահերին չի ծառայում, հաշվի առնելով, որ մշտապես փոփոխվող և վտանգներով հղի տարածաշրջանային իրադրությունում հենց Մինսկի խումբն է դարձել հուսալի հաստատուն, և գործընթացի բոլոր մասնակիցներն առավելություն են տեսնում դրա աշխատանքի շարունակման մեջ:
«Այդուհանդերձ, այդ գործունեությունն ընդհանուր քիչ բան ունի հաշտության համաձայնագրի կառուցման փաստացի օրակարգի հետ: Հայաստանում և Ադրբեջանում իշխանութհյան լծակներ ունեցողները կամ չեն խոչընդոտում, կամ գործուն կերպով պաշտպանում են այն քաղաքականությունը, որըն անմիջականորեն ձախողում է մադրիդյան սկզբունքների հաջող իրացման ներուժը` ռազմականացմամբ, շփման գծի երկայնքով լարվածությամբ, Լեռնային Ղարաբաղի էքսպանսիվ սահմաններում դե-ֆակտո վարչակազմերի ներրդմամբ: Ժամանակի ընթացքում այդ ամենն անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում հաշտության տեսլականի համար, որը պարունակվ է մադրիդյան սկզբունքներում», - համոզված է Բրոյերսը: