Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Արցախից ՌԽԶ-ի դուրս բերման փաստին գնահատական տալու խնդրանքին, հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները մասնակից չեն եղել եռակողմ հայտարարությանը, որով 2020 թվականին ավարտվել են մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, և տարածաշրջան են մտցվել ռուսական զորքեր:
"Մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց է տալիս, որ ռուս զինվորականները ներդրում են կատարել Հարավային Կովկասի ավելի խաղաղ և կայուն տարածաշրջանում, և Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն այս աշնանը բավական ցուցադրական են այդ առումով։ Սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չէ", - ասել է Պատելը։
Եզրափակելով խոսքը՝ նա կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին:
Նշենք, որ ռուսաստանի խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում, որը կասեցրել էր Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական տանդեմի նախաձեռնած պատերազմը։ Ռուսական խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում նախատեսվում էր մինչև 2025 թվականը։ Անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, ողջ միջազգային հանրության անգործության և արցախցիների զանգվածային արտագաղթի ֆոնին, խաղաղապահների անհրաժեշտությունը, ընդհանուր առմամբ, վերացել է: Կրեմլում արդեն հաստատել են օկուպացված Արցախից ՌԽԶ-ի ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի փաստը։ Իսկ Բաքվում հաղորդել են, որ այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Ռուս զինվորականները դուրս են բերվում Ադրբեջանի տարածքով, ըստ ԶԼՄ-ների ՝ Դաղստանի տարածքով: