Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հրաժարվել է "սառեցում" հասկացությունն օգտագործել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
NEWS.ru-ի հարցազրույցում նա հաստատել է, որ Երևանն, իրոք կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը, և նշել, այդ հարցում հստակությունը կլիներ կազմակերպության բոլոր մասնակիցների օգտին: շ
"Սառեցում" հասկացություն արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Հայաստանն իսկապես էականորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես կազմակերպության անդամ, բայց, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով: Այս հարցում հստակությունը ձեռնտու կլիներ մեր միավորման բոլոր մասնակիցներին, առաջին հերթին ՝ լիարժեք պլանավորման համար", - ասել է Տասմագամբետովը։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելն արտոնություն է, որի շնորհիվ "խելամիտ մոտեցման դեպքում" մասնակիցը հնարավորություն է ստանում լիարժեքորեն ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե "երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները տեղական վերլուծաբանների կողմից հաճախ գնահատվում են որպես էքզիստենցիալ": Գլխավոր քարտուղարի խոսքով ՝ նախկին ծավալով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից:
Նա նաև հայտարարել է, որ վերլուծաբանները Հարավային Կովկասում իրավիճակի սրման միտում են նկատում ։ "Ակնհայտ է, որ նման ռիսկեր կան։ Ուստի մեծ պատասխանատվություն է կրում տարածաշրջանի երկրների քաղաքական ղեկավարությունը, առաջին հերթին՝ իրենց ժողովուրդների առջև։ ՀԱՊԿ քարտուղարությունն, իր հերթին, միշտ պատրաստ է լուծել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրները ՝ կազմակերպության նպատակներին, ստորագրված փաստաթղթերին և հնչեցված նախաձեռնություններին համապատասխան, ինչի մասին բազմիցս հայտարարվել է", - ասել է Տասմագամբետովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին France24 հեռուստաալիքին հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը: ՀԱՊԿ քարտուղարությունից հաղորդել են, որ Երևանից համապատասխան ծանուցումներ չեն ստացել։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հարցի վերաբերյալ պարզաբանում էր պահանջել Հայաստանից։ Ռուսական գերատեսչությունում վստահություն են հայտնել, որ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի մասնակցության նվազումը չի բխում հայ ժողովրդի շահերից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ վստահ է, որ ՀԱՊԿ-ն "չի փլուզվի" առանց Հայաստանի ։