
Էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու դեպքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատրաստ է արմատական քայլերի:
Իր հայտարարության մեջ նախաձեռնությունը կտրուկ բողոքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությնա դեմ: Հիշեցնենք, որ նախօրեին, լրագրողների հետ հանդիպմանը, վարչապետը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ 6.93 դրամով, իսկ բնակչության սոցիալապես անապահով խավերը կարժանանան պետության ճժանդակությանը:
Նախաձեռնության
հայտարարության մեջ ասված է. «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին՝ փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները»:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Նախաձեռնության մամուլի ծառայությունից, հայտարարուիթյան մեջ ասված է, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, որ մենք մնում ենք մեր պահանջներում հաստատուն և կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ չտրվել խաբեությունների ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչ լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավել և վերանայել ներկա սակագինը՝ իջեցման նպատակով:
«Ու նորից ենք հիշեցնում ՝ եթե կոնկրետ քայլեր չարվեն Սարգսյան Սերժի կողմից հոսանքի ապօրինի, հակասոցիալական թանկացումը կասեցնելու ուղղությամբ, ապա մենք՝ օգտվելով օրենքով մեզ տրված բոլոր իրավունքներից, կդիմենք կտրուկ քայլերի։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների»,-ասված է հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը ՀՀ մարզերի բնակիչներին կոչ է անում մինչև հունիսի 19-ը գալ Երևան, որպեսզի հունիսի 19-ին միասնական ուժով հասնենք այդ իրավունքի իրացմանը։ «Բոլորիդ սպասում ենք Ազատության հրապարակում»,-ասված է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցի շուրջ փակ խորհրդակցություն` ՀՀԿ պատգամավորների և ոլորտի լիազոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անցել է թեժ մթնոլորտում` ոչ առանց փոխադարձ վիրավորանքների: Սակայն, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները, ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինը տրամադրված է եղել վճռականորեն և ակնարկել է, որ շատ «չարդարացված» ծախսեր ընկերությանը, պարզապես, պարտադրվել են, այդ թվում` նաև նրանց կողմից, ովքեր իրեն դրա համար մեղադրում են: Նա նաև հասկացրել է, որ պատրաստ է հունիսի 12-ին հարցի շուրջ նախատեսվող խորհրդարանական լսումների ժամանակ լույս սփռել իրավիճակի որոշ մանրամասների վրա: Այդ առնչությամբ ՀՀԿ խմբակցությունը հակվում է փակ լսումներ անցկացնելու կարծիքին, որպեսզի հասարակական տրամադրություններն էլ ավելի չսրվեն: ԱրմԻնֆո-ի աղբյուրը նաև հաղորդել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասամբ բավարարել սակագների բարձրացման վերաբերյալ ՀԷՑ հայտը` ոչ թե 17, այլ 7 դրամով: Այդպիսով, 1 կՎտ/ժ ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կբարձրանա մինչև 50 դրամ: