Արմինֆո. Կառավարության ապրիլի 12-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնության ստորագրման առաջարկությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրով կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: